«Գազպրոմն» ավարտել է «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի 50 տոկոսի կառուցումը
International newsՌուսական «Գազպրոմ» ընկերությունն ավարտել է «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի 50 տոկոսի կառուցումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Գազպրոմի» South Stream Transport B.V դուստր ընկերությունը, որն ապահովում է նախագծի իրագործումը:
«Մարտի 6-ին ավարտվել է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի 50 տոկոսի տեղադրումը: Այսօրվա դրությամբ Սև ծովում պատրաստ է 930 կմ երկարությամբ խողովակաշարը: Այն տեղադրված է երկու գծով՝ 706 և 224 կմ երկարությամբ», -ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի մեկին «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը թուրքական թերթին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ ընկերությունն ավարտել է ծովային հատվածով անցնող ավելի քան 910 կմ երկարությամբ խողովակաշարի տեղադրման աշխատանքները, որը կազմում է ընդհանուր երկարության 49 տոկոսը:
Գազամուղի ծովային հատվածի տեղակայումն սկսվել է 2017-ի մայիսի 7-ին: 2017-ի հունիսի 23-ին Pioneering Spirit-ը փոխարինել է Audacia նավին, որն զբաղվում էր տեղակայման աշխատանքներով: