Պտուղբանջարեղենի և խաղողի մթերման ընդհանուր ծավալն աճել է 3 %-ով
Ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի մթերման ընդհանուր ծավալը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 6.7 հազար տոննայով կամ 3%-ով: Այս մասին նոյեմբերի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Այս տարվա նոյեմբերի 6-ի դրությամբ' պտուղբանջարեղեն վերամշակող 40 և խաղող վերամշակող շուրջ 50 ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 230.6 հազար տոննա պտուղբանջարեղեն (5.9 մլրդ. դրամի) և խաղող (28.0 մլրդ. դրամի), այդ թվում' 33.5 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 23.1 հազար տոննա լոլիկ, 13.1 հազար տոննա պտուղ և 184.0 հազար տոննա խաղող», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ' տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարի տեղակալը:
Գյուղատնտեսության նախարարության տրամադրած տվյալների համաձայն' 2014թ.-ին խաղողի մթերման 1 կգ-ի միջին գինը կազմել է 152.1 դրամ' նախորդ տարվա 146.2 դրամի համեմատ: Նախորդ տարվա համեմատ աճել են նաև պտուղբանջարեղենի մթերման գները. մասնավորոպես՝ լոլիկի մթերման միջին գինը գերազանցել է 40 դրամը՝ նախորդ տարվա 36.9 դրամի դիմաց: