Ռուսաստանցիների ավելի քան 60%-ն ընտրության գնալու դեպքում իր քվեն կտա Պուտինին. հարցում
International newsՌուսաստանցիների ավելի քան 60 տոկոսը նախագահական ընտրություններին մասնակցելու պարագայում իր ձայնը պատրաստ է տալ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած սոցիալական հարցման արդյունքները։
Հարցվածների 64 տոկոսն ասել է, որ պատրաստ է քվեարկել Պուտինի օգտին, 6.6 տոկոսն աջակցում է թեկնածուներից Վլադիմիր Ժիրինովսկիին, Պավել Գրուդինինին իր ձայնը տալ պատրաստ է հարցվածների 6.5 տոկոսը, Քսենիա Սոբչակին՝ 1.2 տոկոսը: Հարցվածների 0.7 տոկոսն ասել է, որ ընտրությունների գնալու դեպքում կքվեարկեր Գրիգորի Յավլինսկիի, 0.2 տոկոսը՝ Սերգեյ Բաբուրինի և Բորիս Տիտովի, իսկ 0.1 տոկոսը՝ Մաքսիմ Սուրայկինի օգտին:
Հարցվածների 6.2 տոկոսն էլ նշել է, որ քվեարկության չի գնա, իսկ 13.3 տոկոսն էլ պարզապես դժվարացել է պատասխանել հարցին:
Հարցվածների 11.2 տոկոսն առհասարակ որևէ թեկնածուի դրական չի վերաբերվում, ևս 4.1 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:
Բացասական վերաբերմունքի հարցում բացարձակ առաջատար է Քսենիա Սոբչակը՝ նրան վատ են վերաբերվում հարցվածների 57.1 տոկոսը, հարցմանը մասնակցածների 16.8 տոկոսը բացասական կարծիքի է Ժիրինովսկիի մասին, 14.3-ը՝ Յավլինսկիի, իսկ 13.1-ը՝ Գրուդինինի: Տիտովին և Բուրինին բացասական են վերաբերվում հարցվածների 8.2 տոկոսը. 7.6 տոկոս բացասական ձայն է հավաքել Սուրայկինը, 7.1 տոկոսն էլ բացասական վերաբերմունք ունի գործող նախագահ Պուտինի հանդեպ:
Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 5.6 տոկոսը, իսկ որևէ մեկի հանդեպ բացասական վերաբերմունք չունեցողները կազմել են հարցվածների 22.1 տոկոսը: