Երևանը աղբանոց չէ, որ ով ինչ ցանկանա պատերին դաջի
AnalysisԱռաջին անգամը չէ, որ մայրաքաղաքի շենքերի ու գետնանցումների պատերին անհասկանալի բովանդակությամբ գրառումներ են արվում, փորձելով սեփական մտքերը դաջել ուր պատահի: Past.am-ը նման մի երևույթի դեռևս անցյալ տարվա աշնանն է անդրադարձել, ընդգծելով, որ պատերին թշվառության, վախի ու այլ բովանդակության «քարոզներ» դաջելը ոչ միայն տհաճ է, այլև ազդում է սովորական մարդկանց ինքնազգացողության վրա:
Բարեբախտաբար մեր անդրադարձից հետո այլևս Հանրապետություն հրապարակի հարևանությամբ գտնվող գետնանցումի պատերին չեն դաջվում՝ «Միասին դեպի թշվառ Հայաստան» բովանդակությամբ գրաֆիտներ, բայց պարզվում է, որ «պայքարի» այս ձևը շարունակում է մնալ օրակարգային հարց: Հիմա էլ Երևանի տարբեր վայրերում տարաբնույթ բովանդակությամբ գրաֆիտային արշավ է սկսվել, որն ավարտվում է նույն՝ «նենց չանես ձվերդ էլ կջարդենք» «ստորագրությամբ»:
Պարզ է, որ սա արդեն մեկ խմբի կողմից իրականացվող գործընթաց է, որն ամենայն հավանականությամբ բողոքի ակցիայի է նման, սակայն հարց է ծագում, թե պատերի վրա գռեհկաբանությույններ դաջելն ինչպես կարող է կառուցողական պայքարի ձև համարվել: Դա ընդամենը անհարգալից վերաբերմունք է սեփական տան ու օջախի հանդեպ: Այն տան, որտեղ ապրում ենք բոլորս միասին: Եվ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին է վերաբերմունքը տվյալ ժամանակահատվածի իշխանությունների հանդեպ, որևէ ողջամիտ մարդու համար ընդունելի չի կարող լինել շենքերի ու շինությունների պատերը մուրտառելը:
Բողոքի ձայն բարձրացնելու տարբեր ձևեր կան, բայց սեփական տունն աղբով լցնելը կամ աղբով «զարդարելը» չի կարող առողջ բանականություն ունեցող մարդկանց կամ խմբերին «հանագստացնել»: Իսկ եթե այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր իրենց քաղաքի շենք-շինությունների եղեծ չեղածը ջարդելով, փշրելով ու պատերին խզբզելով են նյարդերը հանգստացնում, ապա լավ կլինի, որ նրանք դիմեն հոգեբաններին:
Որպես վերջաբան, նշենք նաև, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը բավականին երկար տարիների պատմություն ունի: Շատ ու շատ իշխանությունների է տեսել ու ճանապարհել, սակայն որևէ մեկի օրորք վանդալների պատճառով երբեք էլ չի խզբզվել ու կեղտոտվել: Լավ կլինի, որ պայքարի նման հախուռն ու տհաճ մարտավարությունը փոխարինվի ավելի քաղաքակիրթ ու հավասարակշռված մարտավարության: Հակառակ դեպքում կարելի է կասկածի տակ դնել մայրաքաղաքի հանդեպ սրտացավության դիրքերից հանդես եկող ցանկացած ակնարկի հեղինակի հայրենասիրությունը:
Երևանը աղբանոց չէ, որ ով ինչ ցանկանա պատերին դաջի, հարկավոր է հարգանք ունենալ սեփական տան, օջախի և հայրենակցի հանդեպ ու նման գրաֆիտներով չնսեմացնել սեփական օջախի պատիվն ու արժանապատվությունը:
Արմինե Գրիգորյան