Նիդերլանդներն արգելել է թուրք քաղաքապետի այցը երկիր
International newsՆիդերլանդները արգելել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախկին նախարար, Գազիանթեփի քաղաքապետ Ֆաթմա Շահինի այցը երկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC –ի թուրքական ծառայությունը:
Ֆաթմա Շահինը ցանկացել է մարտի 11-ին այցելել Նիդերլանդների Դևենտեր քաղաք՝ հանդիպելու տեղի թուրք կանանց հետ: Սակայն տեղական իշխանությունները հայտնել են, որ ներկայում նրա այցը նպատակահարմար չէ:
Ի պատասխան նման դիրքորոշման՝ պաշտոնական Անկարան չեղարկել է այցը: Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունից հաստատել են Շահինի այցի չեղարկման մասին տեղեկատվությունը:
Ուշագրավ է, որ մեկ տարի առաջ՝ 2017 թվականի մարտին, Նիդերլանդերի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ էր սկսվել այդ ժամանակվա ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայայի այցի առնչությամբ: Նա, անտեսելով Նիդերլանդների իշխանությունների արգելքը, ցամաքային ճանապարհով մուտք էր գործել երկիր՝ Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ հանդիպելու տեղի թուրքական համայնքի հետ: Նիդերլանդների իշխանությունները, սակայն, նրան թույլ չէին տվել հանդիպել, արտաքսել էին երկրից և «ոչ ցանկալի անձ» հայտարարել: