Ջաֆարի. Սիրիա ահաբեկիչների ներթափանցման համար Թուրքիան բացել է սահմանները
International newsԹուրքական կառավարությունը տասնյակ հազարավոր ահաբեկիչների առջեւ սահմաններ է բացել Սիրիա ներթափանցելու համար եւ նպաստել է նրանց գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Թուրքիայի կառավարությունը սահմաններ է բացել տասնյակ հազարավոր ահաբեկիչների առջեւ Սիրիա մտնելու համար », - ասել է նա:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը նշել է, որ թուրքական կառավարությունը նպաստել է ահաբեկիչների սպառազինությանը եւ նրանց գործունեության ֆինանսավորմանը, նրանց համար իրենց տարածքում ստեղծել ռազմական վերապատրաստման ճամբարներ, ինչպես նաեւ հեշտացրել է նրանց հասանելիությունը քիմիական զենքին:
Ջաֆարիի խոսքով՝ ահաբեկչական խմբավորումները «թուրքական կառավարության հրահրմամբ» Հալեպում գործարաններ են կողոպտել, թալանի արժեքը գնահատվում է տասնյակ միլիարդավոր դոլարներով:
Ջաֆարին ընդգծել է, որ Թուրքիան իր պաշտոնական հայտարարություններում հրաժարվել է պահպանել 2401 բանաձեւի դրույթները Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը ցանկացած պահի կարող են մտնել Աֆրինի կենտրոն:
«Մեր նպատակն Աֆրինն է....Ընդհանուր 3171 զինյալ է վերացվել: Աֆրինի կենտրոնը շրջապատված է: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի մտնել Աֆրինի կենտրոն», — Haberturk-ին ասել է Էրդողանը: