Իշխանափոխության պետպատվեր
Երեկ Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհուրդը հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ձևավորելու մասին որոշումը:
Լուրեր.com-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշեց, որ այդ որոշումը տրամաբանական էր:
«Դա տրամաբանված որոշում էր, որովհետև եթե դու ցանկանում ես համաժողովրդական շարժում ծավալել, բնական է, որ այդ համաժողովրդական շարժումը պետք է ղեկավարվի, իսկ ղեկավարելու համար պետք են համապատասխան կառույցներ: Պետք է համապատասխան աշխատանք կատարվի, որի վերաբերյալ էլ ԲՀԿ-ն տվեց իր հանձնարարականները: Առաջինը, սա տրամաբանական հանձրակական էր: Երկրորդ, բնական է, որ այդ գործընթացի ժամանակ հանձնարարություն ստացած կուսակցական գործիչները նույնպես փորձություն կանցնեն: Կճշտվի՞ արդյոք՝ նրանք կարո՞ղ են կատարել հանձնարարությունը, թե՞ ոչ, և ըստ այդմ էլ արդյո՞ք նրանք համապատասխանում են իրենց զբաղեցրած կուսակցական պաշտոնին, թե ոչ: Եվ, ամենակարևորը, կարո՞ղ ենք ասել, որ կարող են ստեղծել տարբեր տեսակի կառույցներ համաժողովրդական շարժումը զարգացնելու համար: Սակայն ամենակարևորը դա չէ: Ամենակարևորն այն է՝ արդյո՞ք Մոսկվայից կա Հայաստանի իշխանությունները փոխելու պետպատվեր», - ասաց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ, եթե կա, ապա այդ կառույցները կարող են շատ արդյունավետ աշխատել:
«Կարող են անգամ 500 000 մարդ փողոց դուրս բերել, սակայն եթե իշխանափոխության պատվերը չկա, արդյունքի չեն հասնի: Դա համատեղ պետք է կատարվի՝ իշխանափոխության պետպատվեր և, բնականաբար, համապատասխան աշխատանք: Ես չեմ կարող ասել` պետպատվեր կա՞, թե՞ չկա, բայց եթե չկա, ապա այդ կառույցներով հաջողության չես հասնի, որովհետև Հայաստանի հասարակությունը այսօր այդ պոտենցիալը չունի, որ ինչ-որ համաժողովրդական շարժման միջոցով իշխանափոխություն անի: Սա արդեն գաղտնիք չէ»,-եզրափակելով իր խոսքը՝ նշեց Բադալյանը: