Անկախ տարիքից` նախագահը պետք է եռանդով աշխատի. Պուտին
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ, անկախ տարիքից, յուրաքանչյուր նախագահ պետք է եռանդով աշխատի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Որքանով ինձ հայտնի է, աշխարհում բազմաթիվ գործող նախագահներ կան, որոնք ինձնից մեծ են, և նրանք շատ ակտիվ են գործում»,-այսպես է արտահայտվել Պուտինը ամերիկյան NBC հեռուստատեսությանը տված հարցազրույցին` պատասխանելով տարիքի հետ կապված ակտիվության նվազման վերաբերյալ հարցին:
Ռուսաստանի առաջնորդի խոսքով` քաղաքական գործիչները պետք է իրենց ողջ ներուժն օգտագործեն գործունեություն ծավալելիս:
«Աշխարհում` Եվրոպայում և ամենուր շատ են նման մարդիկ: Սակայն, եթե մարդը նախագահ է դառնում, նա պետք է այնպես աշխատի ասես առաջին և վերջին անգամ»,-ասել է Պուտինը` ընդգծելով, որ կհետևի Սահմանադրությանը:
Նա շեշտել է, որ երբեք չի խախտել, չի փոխել Սահմանադրությունը: Այնպես որ՝ ինքն աշխատելու է Ռուսաստանի հիմնական օրենքի սահմաններում, իհարկե, եթե ընտրողներն իրեն նման հնարավորություն տան: