Հայաստանն ու Լիբանանը բանակցում են համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ
EconomicsՀայաստանի և Լիբանանի վարչապետներ Կարեն Կարապետյանի և Սաադ Հարիրիի հանդիպումն անցել է կառուցողական և փոխվստահության մթնոլորտում:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարոն Կարապետյանը՝ հավելելով, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարները մտքեր են փոխանակել և արձանագրել, որ երկու երկրների հարաբերությունները բոլոր առումներով գտնվում են շատ բարձր մակարդակի վրա:
«Մենք իրականում բարեկամ և շատ մոտ երկրներ ենք: Նաև արձանագրել ենք, որ մեր տնտեսական հարաբերությունները հեռու են քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակից, որ ունենք, և մենք չափազանց մեծ ներուժ ունենք՝ դրանք զարգացնելու համար: Մենք խոսել ենք այն հնարավորությունների մասին, որ ունեն մեր երկու երկրները: Մասնավորապես, մենք չենք թաքցնում և շատ շահագրգռված ենք, որպեսզի լիբանանյան բիզնեսը գա Հայաստան, և ֆիքսել ենք այն առավելություններն ու հնարավորությունները, որ այսօր Հայաստանն ունի. արձանագրել ենք այն փաստը, որ լինելով Եվրասիական միության անդամ, ունենալով GSP+ ռեժիմ Եվրոպական միության հետ, ազատ տնտեսական գոտի Իրանի հետ սահմանին, ինչպես նաև այն բիզնես հնարավորություններն ու միջավայրը, որն այսօր ձևավորում ենք Հայաստանում, հնարավորություն են տալիս, տեղակայվելով Հայաստանում, մտնել բավական մեծ շուկաներ, որոնց մասին ես քիչ առաջ նշեցի»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով հնարավոր համագործակցության ոլորտները բազմաթիվ են՝ թեթև արդյունաբերություն, ոսկերչություն, դեղագործություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն:
«Նաև պայմանավորվել ենք այսօր, որ կշարունակենք բանակցությունները հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ, որը կաջակցի երկկողմ նախաձեռնություններին: Խոսել ենք նաև արևային և այլընտրանքային էներգետիկայի զարգացման մասին: Առանձնակի անդրադարձել ենք նաև, թե ինչ դերակատարում ունի մեր սփյուռքը Լիբանանում, որ լիբանանահայերն իրականում մեր դեսպաններն են այստեղ և Լիբանանի դեսպանները՝ Հայաստանում, ու լինելով առաջին հերթին Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ՝ մեծ դերակատարում ունեն մեր երկու երկրների բարեկամական կապերի մեջ: Օգտվելով առիթից՝ ես պարոն Հարիրիին հրավիրել եմ այցելել Հայաստան: Նաև պայմանավորվել ենք օգտագործել միջկառավարական մեր հանձնաժողովը, նախապատրաստել այնպիսի օրակարգ, որ պարոն Հարիրիի այցի ժամանակ կարողանանք անցկացնել նաև միջկառավարական հանձնաժողովի նիստ»,- ամփոփել է ՀՀ կառավարության ղեկավարը: