ՆԱՏՕ-ի երկրները կոչ են արել Ռուսաստանին պատասխան տալ Մեծ Բրիտանիային Սկրիպալի թունավորման հարցով
International newsՆԱՏՕ-ի երկրները կոչ են արել Ռուսաստանին պատասխան տալ Մեծ Բրիտանիային ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցով։ Դաշինքի բոլոր 29 անդամների կողմից ստորագրված եւ չորեքշաբթի՝ մարտի 14-ին տարածված հայտարարության մեջ ասվում է, որ այս «հարձակումը» միանշանակորեն «միջազգային կանոնների եւ պայմանավորվածությունների խախտում» է, փոխանցում է DW–ն։
Մեծ Բրիտանիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնել Լոնդոնին եւ առաջարկել են այս գործի շարունակական ուսումնասիրության հարցում աջակցություն ցուցաբերել։
Նշենք, որ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ։
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչեւ մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:
Իսկ արդեն այսօր՝ մարտի 14–ին Բրիտանիայի վարչապետը հայտարարել է 23 ռուսաստանցի դիվանագետի արտաքսելու եւ Ռուսաստանի հետ երկկողմ շփումները կասեցնելու մասին։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչեւ Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան:
ՌԴ ԱԳՆ խոստացել է հայտարարությամբ հանդես գալ Բրիտանիայի վարչապետի հայտարարության շուրջ։
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը եւ նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում եւ անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: