Քրդերը հայտնել են թուրքական բանակի կողմից Աֆրինի բնակելի թաղամասերի հրթիռակոծման մասին
International newsԹուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները զանգվածային հարվածներ են հասցնում Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ, ինչի հետևանքով 7 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 25-ը վիրավորվել են:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Աֆրինի Քրդական ինքնապաշտպանական ուժերի հայտարարության մեջ:
«Այս պահին ավիահարվածներն Աֆրին քաղաքի ուղղությամբ շարունակվում են: Արդեն 7 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ինչպես նաև 25 մարդ վիրավոր է»,- ասվում է քրդական ուժերի մամլո հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը հունվարի 20-ին հայտարարել էր Աֆրինում քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմարշավն սկսելու մասին: Քրդերի դեմ պայքարում թուրքական ուժերին աջակցում են «Սիրիական ազատ բանակի» գրոհայինները: