35-ամյա քաղաքացին կրակոցներ է արձակել Տիգրան Մեծի բնակարաններից մեկի ուղղությամբ
SocietyՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևանում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ. 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2018թ. մարտի 13-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկի ուղղությամբ արձակվել են կրակոցներ: Ձեռնարկված անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բնակարանի պատշգամբի ապակին վնասվել է Տիգրան Մեծի պողոտայով ընթացող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1983 թվականին: Վերջինս ձերբակալվել է: Կասկածյալի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ նա ներկայացրել է «Նագան» տեսակի ատրճանակ, որից, ըստ նախնական տվյալների, արձակվել են կրակոցները։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: