Մեծ Բրիտանիան «Նովիչոկ» գազի փորձանմուշները կհանձնի ՔԶԱԿ-ին՝ հետազոտելու համար
International newsՔիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետները երկուշաբթի կժամանեն Մեծ Բրիտանիա, որպեսզի վերցնեն նյարդային կաթված առաջացնող գազի փորձանմուշները, որի հետ շփումից կարող էին տուժել ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է բրիտանական ԱԳՆ-ն:
«Այնուհետև փորձանմուշները կհետազոտեն բարձր հեղինակություն վայելող միջազգային լաբորատորիաներում, որոնք կընտրի ՔԶԱԿ-ը», - ընդգծել են բրիտանական արտաքին քաղաքականության գերատեսչությունում՝ հավելելով, որ հետազոտությունների արդյունքներին կարելի է սպասել առնվազն երկու շաբաթից:
Հիշեցնենք, որ ներկայում բրիտանական հետախուզության համար աշխատող Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան անհայտ տեսակի վտանգավոր նյութից լրջորեն տուժել են մարտի հինգին՝ գտնվելով Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:
Մարտի 12-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը թունավորման գործում մեղադրել է ռուսական կողմին և հայտարարել 23 ռուս դիվանագետի արտաքսման մասին: Ռուսաստանն, ի պատասխան, օրեր անց հայտարարել է ՌԴ-ից 23 բրիտանացի դիվանագետի արտաքսելու մասին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել էր, որ «Նովիչոկ» պայմանական անունով քիմիական նյութի մշակմամբ Ռուսաստանը և ԽՍՀՄ-ն երբեք չեն զբաղվել: Բրիտանական կողմի պնդմամբ՝ հենց այդ տեսակի գազով են թունավորվել Սկրիպալները: