Սիրիայում գրոհայինները խոցել են Սու-24 մարտական ինքնաթիռը
International newsՍիրիայի Արևելյան Կալամուն շրջանում «Ջեյշ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները խոցել են սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող Սու-24 ինքնաթիռը:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, համապատասխան տեսանյութը հրապարակել է ահաբեկիչների գործունեության մոնիթորինգ իրականացնող Directorate 4 Telegram-ալիքը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է խոցված ինքնաթիռն սկսում կտրուկ ցած իջնել՝ իր հետևից սև ծխի հետք թողնելով, այնուհետև ընկնում է: Տեսագրության վերջում երևում են նաև գրոհայինները, որոնք հաղթական շարժումներ են անում՝ բացականչելով «Ալլահ աքբար»:
Ինքնաթիռի անձնակազմի ճակատագիրը դեռևս անհայտ է: Al-Masdar News-ի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածքում: