CNN. Թրամփի դստերն ու փեսային տեղափոխող ուղղաթիռը օդանավակայան է վերադարձել շարժիչի չգործելու պատճառով
International newsՈւղղաթիռը, որում գտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու փեսան, արտահերթ վերադարձել է Վաշինգթոնի օդանավակայան, երբ թռիչքի ժամանակ խափանվել է շարժիչներից մեկը, հայտնում է CNN-ը:
Պատահարը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն հայտնի է դարձել միայն հիմա: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Իվանկա Թրամփը եւ նրա ամուսին Ջարեդ Քուշները, որոնք ԱՄՆ նախագահի խորհրդականներն են, ուղղաթիռով Վաշինգթոնից Նյու Յորք էին ուղեւորվում, սակայն թռիչքը սկսելուց հետո շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել: Օդաչուն որոշել է շտապ վերադառնալ Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան:
CNN-ի տեղեկություններով՝ վայրէջքը հաջող է կատարվել, տուժածներ չկան: Շարժիչի խափանման պատճառները հայտնի չեն: Զույգի պաշտոնական ներկայացուցիչը պատահարը ոչ մի կերպ չի մեկնաբանել:
Չի հաղորդվում, թե կոնկրետ ում ուղղաթիռով էին Իվանկան ու Ջարեդը Նյու Յորք թռչում եւ ինչ նպատակով: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ արդյունքում զույգը որոշել է մեգապոլիս հասնել կոմերցիոն ավիաչվերթով: