Մակրոնը Պուտինին կոչ է արել հստակություն մտցնել Սերգեյ Սկրիպալի թունավորման գործում
International newsՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, «երկրի քաղաքական, ժողովրդավարական, տնտեսական եւ սոցիալական արդիականացման գործում հաջողություններ է մաղթել», հաղորդում է RFI-ն` հղում անելով Ելիսեյան պալատին:
Բացի այդ, Մակրոնն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի Աֆրինի եւ Արեւելյան Գուտի իրավիճակի վերաբերյալ եւ Պուտինին կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել խաղաղ բնակչության շրջանում մահվան դեպքերը կանխելու համար:
Բանակցությունների ժամանակ Մակրոնը կոչ է արել Ռուսաստանի ղեկավարին պարզաբանել «Ռուսաստանի պատասխանատվությունը Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալի մահափորձի մեջ»: Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ ռուսական իշխանությունները պետք է լիովին փակեն «քիմիական զենքի արտադրության ենթադրյալ ծրագրերը, որոնց մասին չեն տեղեկացրել ՔԶԱԿ-ին »:
ՌԴ նախագահի հետ զրույցի ժամանակ Մակրոնը հիշեցրել է, որ կողմ է «Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության շարունակմանը» եւ վստահություն է հայտնել, որ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ «հստակ հարաբերությունների հիման վրա» համագործակցությունը կարող է արդյունավետ լինել: