«Մշակութային կամուրջ» ծրագիրը կնպաստի Հայաստան-Արցախ մշակութային կապերի ամրապնդմանը
CultureԳյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մարտի 23-24-ի արցախյան հյուրախաղերով կմեկնարկի ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կամուրջ» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև ստորագրված հուշագրի շրջանակում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստան-Արցախ մշակութային կապերի ամրապնդման նպատակով իրականացվող «Մշակութային կամուրջ» ծրագրով Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները հանդես կգան (յուրաքանչյուր ամիս՝ առնվազն մեկ ելույթ) Արցախի տարբեր համայնքներում։
Գյումրու պետական դրամատիկական թատրոնը Ստեփանակերտում կներկայացնի «Բարև, մամա» ներկայացումը:
Իսկ մինչ այդ ծրագրված են թատերախմբի հյուրախաղերը Գորիսում: Ներկայացումներն այստեղ կցուցադրվեն Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում: