Չինաստանը Հայաստանին կտրամադրի շտապօգնության 200 մեքենա
SocietyՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ-ում Չինաստանի առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ուանգ Շիցայն այսօր ստորագրել են «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին» տեխնիկական համաձայնագիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը հստակեցրել են շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի ժամանակացույցը, ըստ որի` համաձայնագիրը ստորագրելուց հետո 110 օրվա ընթացքում Հայաստան կհասցվի շտապօգնության 200 մեքենան:
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և «China National Township Enterprises Corporation» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Յան Ջինմինի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը առողջապահության ոլորտին շտապօգնության 200 մեքենա, այդ թվում` ռեանիմոբիլներ տրամադրելու պատրաստակամության համար։ Նա ընդգծել է, որ դրա արդյունքում զգալիորեն կբարելավվի շտապօգնության ծառայությունը։
Ծրագիրն իրականացվում է 2017թ. մայիսի 12-ին Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակում։
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրի արդյունավետ համագործակցության ընդլայնումը։
Դեսպանն ընդգծել է, որ թեև Չինաստանն անհամեմատ մեծ է տարածքով և բնակչության թվով, սակայն առողջապահական խնդիրները նման են։ Այժմ Չինաստանում ևս, կարևորելով հիվանդությունների կանխարգելումը, պայքար է գնում ծխելու դեմ։ Ողջունելով Հայաստանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը` Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանի քաղաքներում հասարակական վայրերում ծխելն արգելված է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս։