Սյունիքի մարզում բացվեց առաջին ժամանակակից կինոթատրոնը
CultureՄարտի 21-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվեց «S'Unique» կինոթատրոնը:
Ժամանակակից տեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում: Այն իր կառուցվածքով և կահավորմամբ
համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով: Կինոդահլիճն ունի 84 նստատեղ, իսկ տոմսերը Երևանում գործող կինոթատրոնների տոմսերի արժեքից զգալի ցածր են:
Կինոթատրոնի առաջին հյուրերն էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, Կապան համայնքի պատվավոր քաղաքացիներ և մշակութային գործիչներ:
Հյուրերը շրջայց են կատարել նորաբաց կինոթատրոնում, ներկա են եղել կինոդիտմանն ու ծանոթացել են ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:
«S'Unique» կինոթատրոնի էկրանին ցուցադրված առաջին ֆիլմը եղել է 1980 թվականին
նկարահանված «Թռիչքը սկսվում է գետնից» ֆիլմի այն հատվածը, որը նկարահանվել է Կապանի օդանավակայանում:
Խորհրդանշական ֆիլմի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի քանի ամիս անց վերագործարկվելու է Կապանի օդանավակայանը:
«Մենք տևական ժամանակ մտածում էինք՝ ինչ կարելի է անել մարզի երիտասարդության
ժամանցը կազմակերպելու և առօրյան հետաքրքիր դարձնելու համար: Կարծում եմ՝ կինոթատրոնը լավագույն լուծումն էր: Ուրախությամբ պետք է նշեմ, որ նորաբաց կինոթատրոնը հագեցած է ժամանակակից բոլոր տեխնիկական միջոցներով և բավականին հարմարավետ է: Հուսով եմ՝ կարճ ժամանակ անց այն երիտասարդների սիրելի վայրը կդառնա», - լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ «S'Unique» կինոթատրոնում պարբերաբար անվճար ցուցադրություններ կկազմակերպվեն խոցելի խմբերի համար:
Նշենք, որ կինոթատրոնի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2017 թվականի նոյեմբերին: 400 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով կինոթատրոնը կառուցվել է մարզպետ Վահե Հակոբյանի և «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամի նախաձեռնությամբ: