Սավչենկոն հացադուլ է հայտարարել
International newsՈւկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ այսօրվանից հացադուլ է սկսում, գրում է «112 Ուկրաինան»։
«Ես այսօրվանից հացադուլ եմ հայտարարում... Ռուսական բանտում ես քաղցած եմ մնացել 83 օր եւ 6 օր էլ չոր հացադուլ արել։ Հիմա այդպիսի փաստեր կունենան նաեւ ուկրաինական իշխանությունները»,–շեշտել է նա։
Հիշեցնենք, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն 2014 թվականի հուլիսից մինչեւ 2016 թվականի մայիսի 25–ը գտնվել է ռուսական բանտերում։ Ի նշան բողոքի՝ նա մի քանի անգամ հացադուլ էր հայտարարել։ Առաջին անգամ հայտարարել է 2014 թվականի դեկտեմբերին եւ շարունակել 80 օր։ Մարտի 16-ին դադարեցրել է հացադուլը, նրան գլյուկոզա են ներարկել։ Սավչենկոն հացադուլի մեկ այլ փորձ է արել 2015 թվականի դեկտեմբերին։ Իսկ 2016 թվականին նա չոր հացադուլ է հայտարարել, որը մի քանի օր անց դադարեցրել է՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խնդրանքով։
2016 թվականի մայիսին տեղի է ունեցել Նադեժդա Սավչենկոյի փոխանակումն Ուկրաինայում ազատազրկման դատապարտված ռուս զինծառայողներ Եվգենի Երոֆեեւի ու Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ։
Իսկ 2016 թվականի օգոստոսին նա հացադուլ էր հայտարարել՝ ի նշան բողոքի ուկրաինական իշխանությունների անգործության դեմ, մասնավորապես՝ Դոնբասում գտնվող գերիների ազատ արձակման հարցում: