Ֆրանսիայում զինված պատանդառության գործով երկրորդ անձն է ձերբակալվել
International newsՖրանսիայում ձերբակալվել է երկրի հարավում ահաբեկչություն իրականացրած անձի անչափահաս ընկերը՝ ահաբեկչի հետ հանցավոր դավադրության համար, հայտնում է France Info-ն:
Նշվում է, որ ավելի վաղ ձերբակալվել է հանցագործի 18-ամյա ընկերուհին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայում մահացել է ոստիկանը, որը Տրեբ քաղաքի սուպերմարկետում նախօրեին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ առաջարկել էր իրեն փոխանակել պատանդների հետ։ Այսպիսով՝ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ:
Մարտի 23-ին ֆրանսիական Կարկասոն քաղաքում 26-ամյա Ռեդուան Լակդիմն առևանգման նպատակով հարձակվել էր ավտոմեքենայի վրա. ուղևորը սպանվել է, վարորդը՝ վիրավորվել։
Իր երկրորդ հարձակումը նա իրականացրել է հատուկջոկատայինների վրա՝ կրակ բացելով նրանց վրա։ Երրորդ հարձակումն իրագործվել է հարևան Տրեբ քաղաքում՝ պատանդներ վերցնելով սուպերմարկետում։ Այդ հարձակման հետևանքով զոհվել է ևս 2 մարդ, իսկ ահաբեկիչն ավելի ուշ ոչնչացվել է հատուկջոկատայինների գրոհի արդյունքում։
Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը հայտնել է, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։