Իսրայելը ավելի քան 40 որոնվող պաղեստինցու կալանավորել է Արեւմտյան ափին
International newsԻսրայելի ուժայինները երկուշաբթի լույս գիշերը Հորդանանի Արեւմտյան ափին շուրջկալի ժամանակ կալանավորել են 43 որոնվող պաղեստինցու: Այս մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակը երկուշաբթի տարածած հաղորդագրությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գիշերը Իսրայելի բանակի, Ընդհանուր անվտանգության ծառայությունների (ՇԱԲԱԿ, հակահետախուզություն) եւ սահմանապահ ոստիկանության ստորաբաժանումները կալանավորել են 43 պաղեստինցու, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեությանը մասնակցության, զանգվածային ահաբեկչության եւ քաղաքացիական անձանց ու զինվորների նկատմամբ բռնության իրականացման մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ: Զինվորականները հավելել են, որ կալանավորվածներին հարցաքննության են ուղարկել:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը սրվել է 2015 թվականի սեպտեմբերին: Այդ պահից ի վեր սառը զենքի եւ հրազենի, պայթուցիկ սարքերի, ինչպես նաեւ ավտոմեքենաների օգտագործմամբ Իսրայելում եւ Հորդանանի Արեւմտյան ափում իրագործված ավելի քան 300 հարձակումների հետեւանքով սպանվել են 50-ից ավելի իսրայելցիներ եւ մի քանի արտասահմանցիներ: Իրավիճակը լրացուցիչ լարվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո: Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության առանցքային խնդիրներից մեկն է: