Թուրքիայի վարչապետը խոստացել է առանց Իրաքի համաձայնության Սինջարում գործողություն չսկսել
International newsԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ հեռախոսազրույցում խոստացել է Իրաքում ռազմական գործողություններ չսկսել առանց Բաղդադի համաձայնության, նշված է ալ Աբադիի մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հայտարարության համաձայն՝ Յըլդըրըմը հաստատել է «Իրաքի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ համաձայնության բացակայությունը Իրաքի տարածքում ՔԱԿ գրոհայինների դեմ գորոծողություններ անցկացնելու մասին»: «Մենք ցանկանում էինք ասել, որ որեւէ գործողություն չենք անցկացնի առանց Իրաքի կառավարության համաձայնության, եւ մենք նկատի չունեինք, որ նրանց հետ համաձայնության ենք եկել»,- հայտարարության մեջ մեջբերված է թուրք վարչապետի խոսքը:
Ալ Աբադին իր հերթին շեշտել է, որ սահմանը իրաքյան ուժերի վերահսկողության ներքո է, եւ Բաղդադը դեմ է սահմանով գորհայինների ցանկացած անցմանը Իրաքի տարածքից Թուրքիա:
Թուրքիայի վարչապետը նաեւ ողջունել է ահաբեկչական խմբավորումների դեմ Իրաքի հաղթանակը եւ Էրբիլում ու Սուլեյմանիեում օդանավակայանների բացումը, ինչպես նաեւ հավելել է, որ Թուրքիան հաստատել է Իրաքի Քուրդիստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման որոշումը:
Ավելի վաղ Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան Իրաքի Քուրդիստան ինքնավար շրջանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնում է մարտի 23-ից:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել էր, որ Անկարան անհրաժեշտ ամեն ինչ կանի, եթե Իրաքը չի կարողանում Սինջարն ինքնուրույն մաքրել Թուրքիայում արգելված ՔԱԿ-ից: Ավելի վաղ Էրդողանը նաեւ սպառնացել էր Սինջարի դեմ հանկարծակի ռազմական գործողությամբ, եթե Իրաքի կառավարությունը «չցրի» ՔԱԿ ջոկատները: