Լավրովն Արեւմուտքի երկրներից դիվանագետների արտաքսումն անպատկառություն է անվանել
International newsՌուսաստանն անպայման կպատասխանի Արեւմուտքի երկրների «անպատկառությանը», որոնք արտաքսել են ռուս դիվանագետներին Ռուսաստանի գլխավոր հետախուզության վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Կպատասխանենք, մի կասկածեք, որովհետեւ այդպիսի անպատկառությունը տանել, իհարկե, ոչ մեկ չի ցանկանում, եւ մենք չենք կարող դա անել»,–լրագրողներին ասել է Լավրովը։
Նշենք, որ ԱՄՆ–ն ՝ ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության, տասնյակ «ռուսական հետախույզների» արտաքսելու եւ Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման մասին որոշում էր կայացրել։
Նրան են միացել նաեւ 16 եվրոպական երկիր, ինչպես նաեւ Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլյան ենթարկվել են անհայտ նյարդային թույնի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:
Սկրիպալը ապաստան էր ստացել Բրիտանիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հետախույզների փոխանակությունից հետո, երբ ՌԴ-ին էին արտահանձնել տասը մարդու։
Բրիտանական կողմը պնդում է, որ թունավորմանը առնչություն ունի Ռուսաստանը։ Այս կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է ՌԴ-ի դեմ մի շարք միջոցառումների մասին՝ այդ թվում 23 ռուս դիվանագետների արտաքսման ու բարձր մակարդակի վրա բոլոր երկկողմանի շփումները սառեցնելու մասին։ Ռուսաստանը կտրականապես հերքում է իր մասնակցությունը թունավորմանը, ՌԴ ԱԳՆ-ն համարժեք քայլով է պատասխանել։