Ստորագրվեց համագործակցության հուշագիր
EconomicsԱզգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, համագործակցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայի գործընկերների հետ, սկսել է ծրագիր` ուղղված գյուղական համայնքներում էներգետիկ աղքատության հաղթահարմանը: Ծրագիրը իրականացվում է Հայաստանի հինգ մարզերում, որից մեկը Տավուշի մարզն է:
Մարտի 27-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամի գլխավոր տնօրեն Արա Նազինյանը «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզպետարանում ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը:
Ստորագրելով հուշագիրը՝ մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին Տավուշի մարզը ևս ծրագրում ընդգրկելու համար: Կարևորելով ծրագրի իրականացումը մարզում, մարզպետը նաև շնորհավորեց բոլորին ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Արա Նազինյանը նշեց, որ ծրագիրը տեղական հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին հնարավորություն կտա քաղաքային և գյուղական համայնքներում անդրադառնալ էներգախնայողության խնդիրներին, որոնք հատուկ են յուրաքանչյուր վայրի համար:
Տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունները և համայնքային խմբերը կբարձրացնեն բնակչության իրազեկվածությունը էներգախնայողության մեթոդների և նրանց կիրառման վերաբերյալ՝ համախմբելով համայնքային ռեսուրսները և արդյունավետ համագործակցելով տեղական իշխանությունների ու մասնավոր ընկերությունների հետ:
Ծրագիրը կաջակցի համայնքային նախաձեռնությունների իրականացմանը` ըստ նրանց առաջնահերթությունների և զարգացման ծրագրերի: Այն քաղաքացիական խմբերին նոր հնարավորություններ կընձեռի՝ համախմբել ռեսուրսները համայնքների հետ արդյունավետ գործընկերության համար՝ ստանալով էներգետիկ արդյունք էներգաարդյունավետության և համայնքային զարգացման համար ներդրված ներդրումների երկարաժամկետ կայունություն ապահովելու նպատակով: