Բաբկեն Պիպոյան. «Մեր խնդիրները չպետք է հիշենք միայն այն ժամանակ, երբ դրսում դեպք է լինում»
InterviewPast.am-ը գրում է.
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում 64 մարդու կյանք խլած հրդեհն առիթ է դարձել անդրադարձ կատարելու նաև Հայաստանում առկա նման կառույցների վիճակին:
ՀՀ ԱԻՆ-ն անդրադարձել է հասարակական շրջանակների հարցադրմանը, թե հայաստանյան առևտրի կենտրոններում ստուգումներ իրականացվելո՞ւ են, թե ոչ:
ԱԻՆ-ը մասնավորապես հայտնել է, որ 2018 թվականի սկզբից ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առևտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ և այլն): «Հետազոտությունները շարունակվում են: Հենց այս պահին մեր փորձագետները «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում են հետազոտություն իրականացնում: Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով»,-նշված է եղել հաղորդագրության մեջ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ՝ հարցը պետք է քննարկել պետության, պետության ռեսուրսների և մոդելի ընտրության համատեքստում:
«Ամբողջ խնդիրն այն է, որ մենք մեր խնդիրները թողնում ենք ու հիշում միայն այն դեպքում, երբ դրսում ինչ-որ դեպք է լինում: Ենթադրենք` դեպքը ոչ թե առևտրի կոնտրոնում, այլ որևէ մեծ պետական շենքում էր լինում: Մենք չպետք է սպասենք, որ դրսում խնդիր լինի, և հետո միայն այդ դրսի խնդրի տեղային հատվածը մեզ մոտ իրականացնենք: Հիմա ասում են՝ մենք կգնանք առևտրի կենտրոններ: Բայց ձեզ ո՞վ է թույլատրել, որ պետական հատվածում խնդիրը չլուծած` գնաք մասնավոր հատվածներ: Օրինակ՝ թող մտնեն ու կառավարության շենքը նայեն: Թող կառավարության շենքի, պետական գերատեսչությունների, պետության հոգածության տակ գտնվող տարածքներում անվտանգության համակարգեր դնեն ու նոր միայն ասեն՝ մենք այսքան դնում ենք, մասնավո՛ր, դու էլ դի՛ր: Պետությունը պետք է իրենից սկսի, այդպես են պետություն կառուցում: Պետական պաշտոնյաներին, հասարակական մի շարք սեգմենտների ներկայացուցիչներին պակասում է այդ պետական մտածողությունը: Ըստ էության, տեսչական մարմնի դիրքորոշումը հետևյալն էր՝ ասում էր՝ պետությո՛ւն, դու քեզնից կարող ես սկսել: Այսինքն՝ երբ դու հարց ու պահանջ ես դնում, քո առաջ այդ հարցը դրե՞լ ես: Կառավարության կամ մնացած շենքերն այդ անվտանգության չափորոշիչներին բավարարո՞ւմ են, թե ոչ: Ամեն դեպքում, իմ հորդորն այն է, որ չի կարելի խուճապ ստեղծել»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ մյուս կողմից էլ պետք է անպայման փաստել պրոբլեմը, պատասխանատուների հարց բարձրացնել:
«Էլ չեմ ասում, որ այս խուճապը, որի մասին մենք խոսում ենք ու հրապարակում, ամբողջ աշխարհով է տարածվում: Պետք է հաշվի առնել, որ մենք նաև ազգային անվտանգության խնդիրներ ունենք լուծելու: Ընդհանուր առմամբ՝ կա պետական մտածելակերպի, պրոֆեսիոնալիզմի, և հստակ մոտեցումների պակաս: Պետք էր հստակ սահմանել հսկողության այն նվազագույն շեմը, որը պետությունը կյանքի կկոչեր, և հետո էլ նույնը պահանջել մասնավորից: Պետությունը չի կարող ասել, մասնավոր, դու պարտավոր ես: Պետության ենթակայության տակ գտնվող կամայական շինությունում պետք է ապահովվի պետության կողմից ներկայացվող պահանջը, հետո նոր պետությունը պահանջի մասնավորից: Այս սահմանը պետք է ճիշտ դնել: Հիմա այդ սահմանը ճիշտ դրած չէ»,-ընդգծեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահը:
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ պրոբլեմը պետք է ճիշտ ներկայացնել:
«Պետք է ներկայացնել այնպես, որ արտաքին աշխարհին մեր բացերը հասանելի լինեն միայն այնքանով, որքանով պետք է: Խոսքն այն մասին չէ, որ պետք է ծածկադմփոց անել: Բայց ամբողջ ինֆորմացիան պետք է բալանսավորվի»,-եզրափակեց նա:
Աննա Բադալյան