Փոխնախարար դեռևս բավարար չի համարում հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման ցուցանիշները
SocietyՊաշտպանության նախարարությունը հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը չի հնչեցնում` նշելով միայն, որ այն դեռևս բավարար չէ:
«Մենք նոր-նոր ենք սկսում աշխատանքը, և, ինչպես գիտեք, ռազմական տեխնիկայի շուկան բարդ շուկա է, որտեղ արագ մուտքը պրակտիկորեն անհնար է: Պետք է փորձով ապացուցես, որ քո արտադրած տեխնիկան կբավարարի գնորդի պահանջներին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
Նա միայն նշեց, որ բավականին հաջող է ընթանում հայկական նորարարական մշակումների արտահանումը Ռուսաստան: Դավիթ Փախչանյանի խոսքով` հայկական ընկերությունների ներուժը հատկապես տեսանելի է կապի, ռադիոլոկացիայի, հետախուզական լուծումների, ռոբոտացված համակարգերի, այդ թվում` ԱԹՍ-ների, օպտիկա-էլեկտրոնիկայի, լազերային տեխնիկայի բնագավառներում:
«Այդ ուղղություններում միանշանակ ունենք հնարավորություններ հայկական սպառազինության արտադրանքներ ունենալու»,-ասաց փոխնախարարը: Ինչ վերաբերում է բնագավառներին, որտեղ Հայաստանը դեռևս չի կարող ներկայացված լինել, տանկերի, ՀՕՊ համակարգերի արտադրությունն է, որոնք տեխնոլոգիապես բարդ են: «Բայց մոդեռնիզացիայի ուղղությամբ որոշակի աշխատանքներ տանում ենք»,-հավելեց պաշտոնյան:
Դավիթ Փախչանյանի խոսքով` առաջիկայում նախատեսվում է նաև օտարերկրյա ցուցահանդեսների մասնակցություն: