Նախակրթարաններին միս էր մատակարարվում առանց ծագումնաբանության փաստաթղթի. ՍԱՊԾ ներկայացուցիչը օրենքի կիրառումը համարում է առաջնահերթ
SocietyՄինչ հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը կդառնա պարտադիր հանրապետության ողջ տարածքում, մարտի 1-ից պահանջն արդեն սկսել է գործել պետական գնումներով մատակարարման ոլորտում՝ որպես առաջնահերթություն խստացնելով հսկողությունը նախակրթական եւ կրթական հաստատություններում երեխաներին մատակարարվող մսի նկատմամբ: Արդյունքում միսն ավելի թանկ գնով է ձեռքբերվում մանկապարտեզներում: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, որ ՍԱՊԾ-ի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում հաճախ էին հայտնաբերվում դեպքեր, երբ պետական գնումներով ձեռք բերված միսն ուղեկցվում էր փաստաթղթով, սակայն առանց համապատասխան ծագումնաբանության եւ ձեռք բերման աղբյուրի մատնանշման:
«Ուստի կատարվեցին ուսումնասիրություններ, հաշվառվեց համայնքների անասնագլխաքանակը, գործող սպանդանոցների թիվը եւ ՓՄՁ ԶԱԿ-ի հետ մշակվեց սպանդանոցների կարողությունների զարգացման ծրագիրը՝ տրամադրելով աջակցություն սպանդանոցների կառուցման գործում ներգրավված տնտեսվարողներին»,- ասաց Արթուր Մելիքյանը:
Նրա խոսքով` ներկայում հանրապետությունում գործում է 18 սպանդանոց, առաջիկայում կկառուցվեն եւս 23-ը, որոնցից 2 -ն՝ ի դեպ կառուցման փուլում են: Պատկան մարմնի ներկայացուցչի վստահեցմամբ, օրական միջին մորթը ապահովելու նպատակով կատարվել է տեղաբաշխում՝ ըստ համայնքների համապատասխան անասնագլխաքանակի: Մինչ օրենքի ամբողջական կիրառումը հանրապետության տարածքում նոր սպանդանոցներ կկառուցվեն, որոնց քանակությունը կբավարարի հանրապետության ողջ պահանջարկը:Իսկ մինչեւ հուլիսի 1-ը հանրապետությունն ապահովված կլինի նվազագույնը 41 սպանդանոցով:
Ակնկալվում է ունենալ ավելի քան 70 սպանդանոց: Այսպիսով ոլորտի պատասխանատուները վստահ են ՝ մսամթերքի իրացումը սպառողների համար կդառնան լիովին անվտանգ: Սպանդանոցային ծագման կենդանական մթերքն ու հումքը կտեղափոխվեն եւ կիրացվեն անվտանգությունը հավաստող ձեւ 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով:
Ինչ վերաբերում է մտավախությանը, թե արդյոք մսի տեղափոխման համար տրանսպորտային միջոցների անհրաժեշտությունը հավելյալ ֆինանսական բեռ չի ստեղծի տնտեսվարողների համար, Մելիքյանը հակադարձեց՝ նախկինում էլ իրենք համապատասխան գումար էին հատկացնում կենդանու տեղափոխման համար: Ուղղակի այժմ այդ գործընթացը կիրականցվի բացառապես սանիտարահիգիենիկ պայմաններում: Որոշ սպանդանոցներ իրենք կառաջարկեն անհրաժեշտ փոխադրամիջոցներ, որոնք նախատեսված կլինեն հատուկ կենդանիներ տեղափոխելու համար:
Օրենքը խախտող տնտեսվարողները կտուգանվեն 50-100 հազար դրամի սահմաններում: