Boeing ընկերությունը հայտնել է իր համակարգերի վրա հաքերային հարձակման մասին
International newsBoeing ընկերությունը ենթարկվել է հաքերային հարձակման: Այս մասին նշված է կորպորացիայի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավիատեխնիկայի արտադրողը չափազանցված է որակել լրատվամիջոցների տեղեկությունները ընկերության աշխատանքի խափանման մասին:
«Կիբերանվտանգության մեր կենտրոնը հայտնաբերել է վնասակար ծրագրային ապահովման աննշան ներթափանցում, որն առնչվել է փոքրաթիվ համակարգերի: Միջոցներ են ձեռնարկվել հետեւանքների վերացման համար, այս հարցը չի վերաբերում արտադրությանն ու մատակարարումներին»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Seattle Times պարբերականը հայտնել էր, որ չորեքշաբթի ընկերության համակարգիչների մեջ է հայտնվել WannaCry վիրուսը, որն անցյալ տարի վարակել էր ավելի քան 200 հազար օգտատերերի սարքերը:
WannaCry-ի մեծածավալ հարձակումն ամբողջ աշխարհում սկսվել էր 2017 թվականի մայիսի 12-ին եւ առնչվել 150 երկրի ավելի քան 200 հազար օգտատերերի: Հաքերներն օգտագործել էին ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության մոդիֆիկացված վնասաբեր ծրագիրը:
Հաղորդվում էր, որ հարձակման հետեւում կարող է կանգնած լինել Հյուսիսային Կորեայի հետ կապված հաքերների խումբը: Մինչդեռ ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչը համաշխարհային կիբերհարձակմանը Փհենյանի կապերի մասին հայտարարությունները ծիծաղահարույց էր որակել: