Գարիկ Քեռյան. «Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը երկար չի տևի»
SocietyPast.am-ը գրում է.
Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը Past.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մեծ Բրիտանիայից, ԵՄ անդամ 14 երկրներից և ԱՄՆ-ից ՌԴ դիվանագետներին արտաքսելու դեպքին, նշեց, որ այն Արևմուտք-Ռուսաստան առճակատման դրսևորումներից ընդամենը մեկն է:
«Եթե նման առճակատում չլիներ, որն օրեցօր խորանում է, ապա ռուս նախկին հետախուզության աշխատակցի ու նրա դստեր թունավորման փաստը թեև երկկողմանի ալեկոծություններ կառաջացներ, սակայն չէր կարող նման հետևանքների հանգեցնել»,- ասաց Գ. Քեռյանը:
Հետահայաց դիտարկում կատարելով Խորհրդային տարիների ԽՍՀՄ- Արևմուտք սառը պատերազմի տարիներին, նա նշեց, որ դեսպաններ արտաքսելու դեպքեր շատ են եղել: Նման վարքագիծն անընդհատ կրկնվել է ամենատարբեր ճգնաժամերի և երկկողմանի հարաբերությունների ընթացքում:
«Առիթը եղավ թունավորումը, սակայն խորքային պատճառներից ոչ միայն սիրիական հարցն է կամ ուկրաինական հակամարտության խորացումը, այլև էներգետիկ ծրագրերը: Այսօր Արևմուտքը ցանկանում է ազատվել ռուսական էներգետիկ կախվածությունից, փորձում է տապալել «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը, որպեսզի Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն ունենան իրենց հետևանքները»,- ասաց Գ. Քեռյանը:
Խոսելով այս քայլով Արևմուտքի՝ Սիրիայում ռուսական ներկայությունը նվազեցնելու և Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու ցանկության մասին, նա նշեց, որ այս տարածքում հակամարտությունը մտել է մի փուլ, որտեղ բոլորը կռվում են բոլորի դեմ:
«Իհարկե սիրիական դեպքերը նույնպես նպաստել են Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը: Թուրքիան իր խաղն է սկսել, Իրանը իր դաշնակիցների հետ փորձում է իր դիրքերն ամրապնդել, Ասադը հրաժարվում է իր խոստումը կատարել և այլն: Եվ ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, որ իրականում հստակ պարզ չէ, թե ով ում բարեկամն է, քանի որ արտաքին ուժերի ցանկությունները նույնպես իրար են խառնվել»,- ասաց Գ. Քեռյանը:
Նա չբացառեց նաև, որ այս ամենի արդյունքում կարող է բարդանալ նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը:
«Մենք առայժմ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին պետք է և՛ տարածաշրջանային, և՛ արցախյան խնդրի կարգավորման տեսանկյունից մոտենանք: Եվ, հաշվի առնելով Մինսկի խմբի ձևաչափը, պարզ է, որ համանախագահող երկրների ներկայացուցիչներից մեկի և մյուս երկուսի միջև ճգնաժամ է խորանում: Եվ նման իրավիճակում հույս ունենալ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կարող են համագործակցել և որոշակի առաջընթաց ապահովել արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, բավականին անիրատեսական է: Այնպես որ, թվում է, թե Ռուսաստանի շուրջ տեղի ունեցող գործողությունները մեզ չեն վերաբերում, բայց այս ամենը բանակցային գործընթացի համար բավականին անբարենպաստ ազդեցությու կարող է թողնել»,- ասաց Գ. Քեռյանը:
Նա չբացառեց նաև, որ տեղի ունեցող գործընթացը հերթական սառը պատերազմի նշան է, բայց որ այն կարող է նախկին՝ ԽՍՀՄ-Արևմուտք երկարատև պայքարին նմանվել՝ նա քիչ, նույնիսկ անհավանական համարեց:
«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը պատժամիջոցներից հսկայական տնտեսական կորուստներ է ունենում և՛ Ուկրաինայում, և՛ Սիրիայում, ինչը Ռուսաստանին կստիպի որոշակի զիջումների գնալ: Բացառված չէ, որ այս իրավիճակում Ռուսատանի և Արևմուտքի միջև գործարք տեղի ունենա, քանի որ այդ պատժամիջոցների պատճառով միաժամանակ հսկայական տնտեսական վնասներ է կրում նաև Արևմուտքը: Եվ երկու կողմերի տնտեսական շահերը կարող են ստիպել թուլացնել լարվածությունը և վերացնել պատժամիջոցները: Բայց որ լարվածության թուլացումն անպայման կուղեկցվի գործարքով, միանշանակ է»,- ասաց Գ. Քեռյանը:
Արմինե Գրիգորյան