«Նուբար» երգի-պարի խմբի մենահամերգին մի շարք երգեր հնչելու են առաջին անգամ
Culture«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը արվեստասերներին կներկայանա ընդգրկուն համերգով: «Մեր Համշենը» խորագրով համերգային ծրագիրը տեղի կունենա ապրիլի 16-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`երեկոյին բացառապես համշենական երգեր և պարեր կներկայացվեն:
Համերգի կազմակերպիչն է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը, գլխավոր աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։
«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը գործում է 2006 թվականից: Ստեղծման օրվանից խումբն ակտիվ համերգային գործունեություն է ծավալել, ստեղծել ընդգրկուն ծրագիր, որի հիմնական մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերված և տարբեր տարիների ընթացքում տպագրված, բայց չկատարված երգերը: «Նուբար» խումբն արդեն չորրորդ տարին է ինչ մասնակցում է «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնին։ Խմբի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը և փոխանցել սերնդեսերունդ: «Նուբար» խումբն անդրադառնում է բոլոր տարածաշրջանների ժողովրդական երաժշտական ստեղծագործություններին, որոնց մեջ զգալի և կարևոր տեղ են զբաղեցնում Համշենի երգերն ու պարերը: Խմբի գեղարվեստական ղեկավարն է Լուսինե Նազարյանը։