Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
SocietyՀՀ տրանսպորտային տեսչությունը Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունում խախտումներ է արձանագրել: Այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմին փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը:
«Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական պատասխանատվության»,- ասաց նա:
Երթուղին սպասարկող վարորդները արդեն երկու օր է գործադուլ են անում: Մելքոնյանի խոսքով` ինքը եղել է Արմավիրի ավտոկայանում եւ զրուցել վարորդների հետ:
«Քննարկել ենք խնդիրները: Գործադուլի պատճառը ներքին կազմակերպչական խնդիրներն են»,-հավելեց նա:
Դավիթ Մելքոնյանն ասաց, որ քննարկումներ են եղել նաեւ երթուղին սպասարկող կազմակերպության տնօրենի եւ համասեփականատիրոջ հետ:
«Բանակցությունները շարունակվում են»,-հավելեց Մելքոնյանը: