Հրազդանում ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով կներդրվի 10 մլրդ դրամ
EconomicsՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում խոշոր ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողերի միավորման գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ հնարավորություն կստեղծվի միավորելու շուրջ 30 հա մակերեսով առանձին հողակտորները, որոնց վրա կիրականացվի մոտ 10 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր:
«Կկառուցվի 30 հա մակերեսով ջերմոցային տնտեսություն, կստեղծվի ավելի քան 250 նոր աշխատատեղ, կավելացվեն համայնքի բյուջե մուծվող գույքահարկի և հողի հարկի մուտքերը»,- ասաց Լոքյանը:
Մեկ այլ որոշմամբ էլ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող նախկին դպրոցի շենքը կնվիրաբերվի համայնքին՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով: Ծրագրի համաձայն՝ համայնքը նախատեսվում է շենքում հիմնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն՝ ստեղծելով մոտ 50 նոր աշխատատեղ, 3 տարվա ընթացքում իրականացնելով 50 մլն ՀՀ դրամի ներդրում: