Օրենսդրական նախագիծ՝ միտված բնակարան ձեռքբերելու բեռի թեթևացմանը
SocietyPast.am-ը գրում է.
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական մի նախաձեռնությամբ՝ առաջարկելով հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը, ինչը հնարավորություն կընձեռի եկամտային հարկի վերադարձը կիրառել նաև առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում: Ըստ պատգամավորի՝ նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրը լուծել նաև մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը:
Գործող օրենքով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է, եթե վերջիններս ձեռք են բերում՝ գնում կամ կառուցում են բնակարան կամ առանձնատուն: Օրենսգրքի այս հոդվածը խթանում է կառուցապատողից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն, սակայն ենթադրում է աշխատավարձի որոշակի մակարդակ, որը կհամապատասխանի նորակառույց շենքում բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տուն կառուցելու ֆինանսական բեռին:
Պատգամավորի կողմից արված խմբագրման մեջ ասված է, որ նորակառույց շենքերում բնակարանների արժեքները այլ հավասար պայմաններում էապես տարբերվում են առկա բնակֆոնդի արժեքներից: Համեմատաբար ցածր եկամուտներ ունեցող անձը, ով ունի բնակարանային ապահովման խնդիր, ստիպված է կատարել ընտրություն նորակառույց շենքերի միջև և ձեռք բերել փոքր մակերեսով բնակարան, կամ առհասարակ հրաժարվել օրենսգրքի այս հոդվածով ընձեռված հնարավորությունից: Այս կարգավորման սոցիալական ուղղվածության ամրապնդման համար անհրաժեշտ է հանել բնակարանների և առանձնատների կառուցապատողից ձեռքբերման պահանջը՝ հնարավորություն ընձեռելով բնակարանային ապահովման խնդիրը հասանելի կերպով լուծել առկա բնակարանային ֆոնդի շրջանակներում:
Նախաձեռնության վերաբերյալ Past.am-ը զրուցել է Մանե Թանդիլյանի հետ: Նրա ներկայացմամբ՝ այս պահին գործող օրենքով եկամտային հարկի վերադարձ և բնակարանի ձեռքբերման հնարավորություն մինչև 55 միլիոն դրամ տրված է միայն նորակառույց շենքերից ձեռք բերելու պարագայում: Պատգամավորի առաջարկով այդ հնարավորությունը պետք է տրվի նույն սահմանափակումներով, որով և նախատեսված է, սակայն հնարավորություն կլինի ձեռք բերել նաև երկրորդային շուկայից՝ արդեն գոյություն ունեցող բնակֆոնդից: Սա նշանակում է, որ նմանատիպ ձեռքբերումներ կարող են անել այդ պայմաններում թե՛ Երևանում, թե՛ մարզերում, և բնակարանային հարց հնարավոր է լինում լուծել միջին խավի տարբեր շերտերի համար:
«Օրենքով նախատեսվում է ձեռքբերում միայն կառուցապատողից, իսկ մենք առաջարկում ենք գոյություն ունեցող բնակֆոնդից՝ ցանկացած վաճառողից: Նախագիծն արդեն ներկայացված ու շրջանառության մեջ է դրված, հավանաբար կքննարկվի մոտակա քառօրյայի ժամանակ»,- նշեց պատգամավորը:
Իսկ ինչ կարծիք ունեն այս նախաձեռնության մասին մյուս պատգամավորները հարցին, Թանդիլյանը պատասխանեց, թե վստահ չի կարող ասել, բայց կարծում է՝ նրանք պետք է կարողանան հասկանալ, որ սա վերաբերում է մարդկանց բնակարանային խնդիրները լուծելու հարցին: Սա ամենաարդիական, ամենաառաջնային հարցերից է, և այս խնդրի լուծումը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից, ենթադրաբար նաև՝ իր պատգամավոր-գործընկերների շահերից:
Հավելենք, որ գործող օրենքով անձի վճարած եկամտահարկը ուղղվում է բացառապես բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը: Իսկ նախագծից կարող են օգտվել եկամուտ ունեցող, եկամտահարկ վճարող, վարձու աշխատողները, ում եկամտային հարկը ենթակա է վերադարձման:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ