Ապրիլյան պատերազմի խոշտանգումներն ահազանգ էին. ի՞նչ է արել ՄԻԵԴ-ը՝ երկու տարի անց
SocietyPast.am-ը գրում է.
Ապրիլյանպատերազմից հետո ընդդեմ Ադրբեջանի ավելի քան 700 հայց ներկայացվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միայն իրավաբան–իրավապաշտպանների խմբի կողմից 359 գանգատ էր ներկայացվել ՄԻԵԴ:
Իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամ Արա Ղազարյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե իրավական դաշտում երկու տարի անց ի՞նչ արդյունքներ են գրանցվել:
«Իրավական հարցերով տարբեր մասնագիտական խմբեր կան: Մեր խումբը զբաղվում է մարդու իրավունքներին առնչվող հարցերով: Կա աշխատանքային խումբ, որը զբաղվում է հումանիտար իրավունքի հարցերով: Ես կարող եմ միայն մարդու իրավունքների տեսանկյունից մեր կատարած աշխատանքի մասին խոսել: Մենք գանգատներ ենք ներկայացրել ՄԻԵԴ, որոնց մի մասի քննությունը եվրոպական դատարանը սկսել է: Որոշակի դատավարական փուլեր արդեն անցել ենք: Կան նաև գործեր տեղահանվածների վերաբերյալ: Այս առումով գանգատները վերջնական ներկայացվել են, բայց դատարանը դեռ չի հաղորդակցել դրանք: Ընդհանուր առմամբ, մոտ երկու տասնյակ գործ արդեն դատավարության մի քանի փուլ է անցել: Դրանք վերաբերում են ապրիլյան դեպքերի որոշ զոհերի, իսկ մի քանի հարյուր գանգատ վերաբերում է տեղահանված բնակիչներին, ովքեր կամ վերադարձել են, կամ չեն վերադարձել իրենց բնակավայրեր»,-Past.am-ին տեղեկացրեց Արա Ղազարյանը:
Նկատենք, որ ելնելով գաղտնիության պահանջից՝ գործերին վերաբերող այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Այնուամենայնիվ, Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում ընդհանուր գործընթացը: Ելնելով գործերի ընթացքից՝ ի՞նչ կարծիք ունի ՄԻԵԴ-ի տրամադրվածության մասին:
Ի պատասխան, փաստաբանը նշեց. «Եվրոպական դատարանը որոշ գործերով դիմումները քննում է արագացված կարգով: Դրանց հաղորդակցումը շատ արագ արվեց: Այս հանգամանքն արդեն խոսում է այն մասին, որ շատ զգույշ և ուշադիր են մոտենում գործին, որովհետև աննախադեպ դեպքեր էին տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի տարածքում: Նկատի ունեմ՝ մահացած զինվորների նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումները և այլ դրվագներ: Այս ամենն, իհարկե, եվրոպական մարմինների համար ահազանգ էր՝ Եվրոպայի խորհրդի ծայրամասում եղան աննախադեպ դեպքեր, ինչպիսիք տեղի էին ունեցել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, կամ Բոսնիայում՝ Բալկանյան պատերազմի ընթացքում: Սա ահազանգ էր, բնականաբար, ՄԻԵԴ-ի արձագանքը պետք է արագ լիներ և այդպես էլ եղավ: Իսկ տեղահանվածների վերաբերյալ գանգատների արձագանքը դեռ դանդաղ է: Սպասում ենք պատասխանի»:
Հարցին, թե, ամեն դեպքում, ե՞րբ կարող ենք վճիռների և հստակ արդյունքների սպասել, Արա Ղազարյանը պատասխանեց. «Եթե արագացված կարգով է գործը քննվում, ըստ վիճակագրության՝ կես տարուց մինչև 3 տարվա ընթացքում վճիռ է կայացվում: Մեր դեպքում շուտով արդեն մոտ երկու տարի կլինի: Հուսով ենք՝ առաջիկա մեկ կամ երկու տարում ՄԻԵԴ-ը վճիռ կկայացնի: ՄԻԵԴ-ի ընդհանուր կարգի համաձայն՝ գործերն ըստ սովորական ժամանակագրության պետք է քննվեն: Բայց ՄԻԵԴ-ը ե՞րբ առաջնահերթություն կտա և ի՞նչ արագությամբ կքննվեն, չենք կարող ասել: Շատ դժվար է ասել, թե կոնկրետ գործերն ինչպես կքննվեն»:
Հավելենք, որ ըստ խմբի կողմից ավելի վաղ արված հայտարարության, գանգատներ են ներկայացվել ԼՂՀ պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 դիմումատու), Թալիշ գյուղում իրենց տանը սպանված Խալափյան ընտանիքի տարեց երեք անդամների մերձավոր ազգականների անունից (3 դիմումատու), մարտական գործողությունների հետևանքով տուժած և պոտենցիալ տուժող հանդիսացող 693 քաղաքացիական անձանց անունից (Թալիշ գյուղից՝ 133, Մատաղիս գյուղից՝ 133, Մարտակերտ քաղաքից՝ 132, Ճարտար քաղաքի Ներքին Ճարտար թաղամասից՝ 229, Մարտունի քաղաքից՝ 13 և Ասկերանի շրջանի բնակավայրերից՝ 37 անձ): 3 գանգատ է ներկայացվել չորսական անչափահասների անունից (զոհված աշակերտ և այլոք)՝ Ճարտար, Մատաղիս և Թալիշ բնակավայրերից: Գանգատ է ներկայացվել նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի անունից՝ Թալիշ գյուղի եկեղեցու ու մատուռի հրետակոծման համար:
Աննա Բադալյան