Գեղարքունիքում աշնանացանն անվնաս է ձմեռել
SocietyԳեղարքունիքում 2017 թվականին կատարվել է շուրջ 11 հազար 100 հեկտար աշնանացան ցորենի ցանք, որն ամբողջությամբ, ըստ մասնագետների դիտարկումների, անվնաս ձմեռացում է անցկացրել եւ կենսունակ է հետագա աճի ու զարգացման համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, չնայած ձմռան ողջ ընթացքում ցանքերի վրա ձնածածկույթ գրեթե չձեւավորվեց, այդուհանդերձ, մեղմ ձմռան շնորհիվ տնտեսությունները կարողացան խուսափել աշնանացանի ցրտահարության վտանգից:
«Տեղերից աշնանացանի ցրտահարության մասին ոչ միայն ահազանգեր չենք ստացել, այլեւ մեր դիտարկումները մեզ բերել են այն համոզման, որ աշնանացանը կենսունակ է հետագա աճի ու զարգացման համար: Վերջին օրերի տեղումները եւս նպաստավոր եղան ցանքերի համար: Պարարտացման եւ այլ միջոցառումները ժամանակին կատարելու դեպքում, կարծում եմ, տնտեսությունները բերքատվության բարձր արդյունքներ կգրանցեն»,-նշեց Մարտին Պետրոսյանը:
«Մեծ Մասրիկի տնտեսություններում ցանվել է մոտ 800 հեկտար աշնանացան, որը լիովին անվնաս ձմեռել է: Մարտի վերջերին երաշտի վտանգ կար, հողի մեջ բավարար խոնավության բացակայությունն անհանգստացնում էր մեզ: Բարեբախտաբար, վերջին օրերին առատ տեղումներ գրանցվեցին, որոնք նպաստեցին աշնանացանի հետագա ծլունակությանն ու աճին: Մոտ օրերս ցանքերը կսնուցենք ազոտական պարարտանյութով: Գյուղատնտեսական տարվանից լավ ակնկալիքներ ունենք»,-ընդգծեց Մեծ Մասրիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Պողոսյանը:
Խոսրով Խլղաթյան