Երևանի բակերի բարեկարգմանը զուգահեռ ընդլայնվելու են հարակից կանաչ գոտիները
Երևանի այգիների ու բակերի բարեկարգմանը զուգահեռ, հստակ խնդիր է դրվել նշված տարածքներում ևս հնարավորինս ընդլայնել հարակից կանաչ գոտիները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը:
«Ուզում եմ հատկապես ընդգծել, որ բակային տարածքների բարեկարգման մեր ծրագրում, որպես պարտադիր բաղադրիչ, առանձնակի կարևորվում է կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը: Նաև տնտեսվարողների համար են սահմանված համապատասխան նորմերը, ըստ որի, հարակից տարածքների բարեկարգումը, կանաչապատումը և այդ տարածքների խնամքը պարտադիր պայման է բոլորի համար», - այսօր մեկնարկած աշնանային ծառատունկին մասնակցության ընթացքում լրագրողներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև հավելեց, որ կանաչ տարածքների խնամքը ապահովելու նպատակով քաղաքապետարանի ծրագրերում յուրաքանչյուր տարի ներառվում է նաև ոռոգման ցանցի ընդլայնումը: Այս տարի, օրինակ, այն ավելացել է ևս 22 կիլոմետրով: