Ռումինիայում Արցախյան շարժմանը նվիրված միջոցառում է կազմակերպվել
SocietyՌումինիայում Հայաստանի դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի աջակցությամբ Հայոց մշակույթի տանը՝ Դուդյան գրադարանում, ապրիլի 1-ին տեղի ունեցավ Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Հանդիսությունը ներածական խոսքով բացեց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տաթև եպս. Հակոբյանը, որին հաջորդեց Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի ելույթը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Դեսպան Մինասյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ 30 տարի առաջ, ազդարարելով Արցախի ազատ ապրելու կամքն ու իրավունքը և ծնունդ տալով արցախյան շարժմանը, հայ ժողովուրդը բացեց իր դարավոր պատմության ևս մեկ փառավոր էջը: Արցախյան շարժումն ազատության ու արդարության պայքար էր, որին միացավ ամբողջ աշխարհի հայությունը. այն հայ ժողովրդի հավաքական կամքի դրսևորման և ազգային վերածննդի պահն էր, երբ մեկ միասնական բռունցք դարձան Հայաստանը, Արցախը և սփյուռքը:
Ելույթներով հանդես եկան նաև Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Վարուժան Ոսկանյանը, խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ռումինահայ գրող, հրապարակախոս, Սարգիս (Սերջիու) Սելյանի «Արցախ՝ երկիր, որ կա» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացրեց և Սարգիս Սելյանի ողջունի խոսքը ընթերցեց «Արարատ» հանդեսի խմբագիր, պատմաբան Էդուարդ Անտոնյանը: Միջոցառումը լուսաբանվեց նաև ռումինական մամուլի ու հեռուստատեսության կողմից: