Ֆիլիպինների նախագահը ՄԱԿ գլխավոր իրավապաշտպանին «դատարկագլուխ» է անվանել
International newsՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ՄԱԿ գլխավոր իրավապաշտպանին «դատարկագլուխ» է անվանել՝ կապված թմրավաճառների դեմ իր հայտարարած պատերազմի քննադատության հետ, փոխանցում է AFP-ն:
Անցյալ ամիս ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնը հայտարարել էր, որ Դուտերտեն «հոգեբուժական գնահատականի» կարիք ունի:
Դուտերտեն նման ենթադրությանը պատասխանել է իրեն հատուկ կոշտ ձեւով: «Հեյ դու, հանձնակատար, անբարոյականի զավակ, ե՞ս պետք է դիմեմ հոգեբույժի»,- ասել է Դուտերտեն՝ հավելելով, որ իրեն խորհուրդ են տվել զերծ մնալ Զեյդին մեկնաբանելուց, սակայն ինքը ցանկացել է «վրեժխնդիր» լինել: «Լսի, դու մեծ գլուխ ունես, բայց այն դատարկ է, ականջներիդ միջեւ գորշ նյութը չկա, այն նույնիսկ չի կարողանում սննդարար նյութերը պահել մազերիդ աճի համար»,- ասել է Դուտերտեն:
Դիմելով իրավապաշտպան խմբին՝ Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ «դուք զառանցում եք, եթե կարծում եք, թե կարող եք ինձ բանտ նստեցնել»: