Թումանյանի թանգարանի հոբելյանին կցուցադրվեն մշակութային կենտրոնի բացման լուսանկարները և արխիվային մի շարք նյութեր
CultureՎաթսունհինգ տարի առաջ` 1953 թվականի ապրիլի 5-ին Երևանում բացվեց Հովհաննես Թումանյանի թանգարանը: Թանգարանի հոբելյանի կապակցությամբ հեռանկարում ընդգրկուն ցուցահանդեսներ և միջոցառումներ են իրականացվելու: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Ապրիլի ընթացում «Արմենպրես» պետական լրատվական գործակալության աջակցությամբ, կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն 1953 թվականին թանգարանի բացման արարողությանն արված լուսանկարները: «Ուսումնասիրում ենք նաև մի շարք արխիվային նյութեր, որպեսզի հանրությանը ցուցադրենք այն հոդվածները, որոնք անդրադարձել են թանգարանի բացմանը: Դա հետաքրքիր հետահայաց ցուցահանդես կլինի»,-նշեց Թուխիկյանը:
Այս տարի Ոսկան Երևանցու «Աստվածաշունչ»-ը դառնում է 350 տարեկան: Թանգարանը կանդրադառնա նաև այդ իրադարձությանը` ցուցադրելով Թումանյանի անձնական գրադարանում պահված գիրքը:
«Արդեն երկրորդ տարին է, որ թանգարանը մեկ ամիս նվիրում է համաշխարհային մեծության որևէ մանկագրի: Անցյալ տարի «Պինոկիոյի արկածները» ստեղծագործության հեղինակ Կառլո Կոլլոդիին էինք անդրադարձել, այս անգամ ամիսը նվիրելու ենք Սարոյանին և Թումանյանին, քանի որ Սարոյանի 110-ամյակն է: Ներկայացնելու ենք Վիլյամ Սարոյանի և Թումանյանի գործերում սոցիալական թեմաները, նրանց պատմվածքների շուրջ մարզերում քննարկումներ են կազմակերպվելու: Ավանդույթի համաձայն` միջոցառումների ավարտը կտրվի հունիսի մեկին»,-ընդգծեց թանգարանի տնօրենը:
Խոսելով տարիների ընթացքում թանգարանի հաջողությունների մասին` նա շեշտեց, որ Թումանյանի կորած գրքերից մի քանիսն են գտնվել և վերադարձվել նրա անձնական գրադարան, տարեցտարի այցելուների հոսքը մեծացել է, թանգարանը համալրվել է նորարարական տեխնոլոգիաներով, տասը տարում ավելի շատ գիրք է հրատարակվել, քան նախորդ հիսունհինգ տարվա ընթացքում:
«Այս տարվա մեծագույն ձեռքբերումը կլինի Թումանյանի երկերի 10-հատորյակի վերահրատարակությունը ծանոթագրություններով: Սա շատ լուրջ և պատասխանատու աշխատանք է: Պատրաստվում ենք նաև Թումանյանի կյանքի, ինչպես նաև նրա մանկական որոշ բանաստեղծությունների հիման վրա մուլտֆիլմեր ստեղծել»,-հավելեց Նարինե Թուխիկյանը:
Տնօրենը շատ է կարևորում նաև այն հանգամանքը, որ թանգարանն իր ակտիվ, բեղուն գործունեության շնորհիվ կարողացել է թանգարանների վերաբերյալ հանրության և հենց թանգարանների աշխատակիցների մեջ տարածված կարծրատիպերը կոտրել:
«Աշխատակիցները սովոր չէին երևակայական թռիչքների: Նրանք ասես համակերպվել էին զուտ հրահանգներ կատարել, երբեմն ծուլանալ, երբեմն դժգոհել: Մենք մեր աշխատանքով կարողացանք ցույց տալ, որ թանգարանը մեռած տեղ չէ, այն ապրող, շնչող և անընդհատ զարգացող հաստատություն է: Սա ստեղծագործական աշխատանք է, թռիչք, որը չի կարելի սանձել»,-եզրափակեց Թուխիկյանը:
Անժելա Համբարձումյան