Հզոր երկրաշարժ է գրանցվել, կան զոհեր ու վիրավորներ. Դաշտային ուսումնավարժանք՝ 36 ժամ անընդմեջ
SocietyԱպրիլի 6-ին ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում եւ Արզնու ձորում շարունակվեց ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան անցկացվող՝ «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով 36 ժամ տեւողությամբ ուսումնավարժանքը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ ըստ սցենարի՝ պայմանական երկրում գրանցվել էր 6.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ եւ «տուժած երկիրն» օգնության խնդրանքով դիմել էր միջազգային հանրությանը: Ապրիլի 5-ին ԱԻՆ 50-հոգանոց քաղաքային որոնողափրկարարական թիմն արդեն ժամանել էր «աղետի գոտի» եւ անցել իր պարտականությունների կատարմանը:
Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ամբողջ գիշեր նույն ինտենսիվությամբ շարունակեց որոնողափրկարարական աշխատանքները «աղետի գոտու» իրեն հատկացված հատվածում: Առանց ընդհատումների աշխատանք ապահովելու նպատակով հայ փրկարարները գործում էին հերթափոխով, որը հնարավորություն էր տալիս ծանր աշխատանքից հետո վերականգնել ուժերը՝ այդպիսով բարձրացնելով նաեւ իրականացվող փրկարարական գործողությունների արդյունավետությունը:
Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվում էին երկաթբետոնյա շինությունների ներսում, որտեղ առկա էին «զոհեր, վիրավորներ եւ արգելափակված անձինք»: Մարդկանց փլատակներից դուրս բերելու, արգելափակված անձանց ազատելու համար հայ փրկարարները օգտագործում էին հատուկ փրկարարական տեխնիկա:
Վարժանքի ընթացքում իրականացվել են պարանային, ամրակապման, մաքուր կտրման, քանդման, տուժածների դուրս բերման, առաջին բուժօգնության ցուցաբերման եւ այլ աշխատանքներ:
36 ժամ անընդմեջ աշխատանքի արդյունքում ՀՀ ԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական թիմն ամբողջությամբ լուծեց ուսումնավարժանքի սցենարով իր առջեւ դրված խնդիրները: