Հայաստանը վճռական է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի հաղթահարման գործում
SocietyՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի` Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության հսկողության ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Աննա Պոպովայի ապրիլի 6-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻԱՎ/ՁիԱՀ-ի և վարակիչ այլ հիվանդությունների դեմ պայքարին, Հայաստանին նվիրաբերված ժամանակակից սարքերով հագեցած, կենսաանվտանգության երրորդ մակարդակի շարժական երկու լաբորատորիաներում հատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ հետազոտությունների շարունակականությունն ապահվելուն ուղղված հարցերին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Աննա Պապովան առաջարկել է Միջազգային առողջապահական կանոնների ներդրման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու նպատակով հուշագիր ստորագրել։ Նախարարը ևս հաստատել է, որ դա ավելի սերտ ու համակարգված գործունեություն ծավալելու հնարավորություն կընձեռի:
Կարևորելով «Ռոսպոտրեբնադզորի» հետ համագործակցությունը` Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում չափազանց կարևոր աշխատանք է տարվում աշխարհի բնակչության համար սպառնալիք հանդիսացող և մարդկանց մեծաթիվ կյանքեր խլող հիվանդությունների դեմ պայքարում։
Երկուստեք ընգծվել է, որ նման դեպքերում համակարգված մոտեցումը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել կորուստներն ու համատեղ հակազդման արդյունավետ մեխանիզմներ մշակել:
Աննա Պապովան նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու ապրիլի 18-20-ը Մոսկվայում կայանալիք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման 6-րդ միջազգային համաժողովին` այն ներկայացնելով որպես փորձի փոխանակման լավ հարթակ:
Նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար։ Նա ասել է, որ Հայաստանը վճռական է ՁԻԱՀ-ի, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ պայքարում և 2030թ. տուբերկուլոզն էլիմինացնելու ԱՀԿ-ի կոչն իրականացնելու ուղղությամբ համակարգված աշխատանքներ են տարվում: