Արա Բաբլոյանի համոզմամբ` Արմեն Սարգսյանն իր ողջ գիտելիքները կծառայեցնի ՀՀ քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը
PoliticsՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը համոզված է, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջ կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնի համազգային նպատակների իրականացմանն ու միասնության ամրապնդմանը: «Մեծարգո նախագահ, Հայաստանի ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ՀՀ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու և պաշտոնը ստանձնելու առթիվ: Պարոն նախագահ, ծանոթ լինելով Ձեր անցած ուղուն, համոզված եմ, որ Դուք Ձեր կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնեք Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր խոսքում ասաց Արա Բաբլոյանը:
Ելույթից հետո, դահլիճից դուրս բերվեցին ՀՀ Սահմանադրության մայր օրինակը, Վեհամոր Ավետարանը, ՀՀ պետական դրոշն ու նախագահական իշխանության խորհրդանշանը: Այնուհետև Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարեց փակված:
Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը, ով հանդիսավոր երդվեց ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա: