Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը նոր միջոցառումներ կիրականացնի
CultureՀովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որը գտնվում է Դսեղում, պատրաստ է ընդունել այցելուներին: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանը:
Նա խոստովանեց, որ հունվար, փետրվար և մարտ ամիսներին հատուկենտ այցելուներ են ունեցել: «Նրանց մի մասը խուսափում է գալ մեզ մոտ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի վերանորոգման աշխատանքների պատճառով, որոնք դեռ ընթացքի մեջ են: Ամեն տարվա ընթացքում 10-11 հազար այցելու ենք ունեցել, բայց անցյալ տարի ընդամենը 5500 մարդ է եկել թանգարան»,-շեշտեց տնօրենը և հավելեց, որ ներկայումս Վանաձոր-Ալավերդի ճանապարհն արդեն բարվոք վիճակում է:
Մայիս ամսին թանգարանը հյուրերին կընդունի հագեցած ծրագրով: Թանգարանների գիշերը Դսեղի միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացումներով հանդես կգան: Նույն ամսին թանգարանի աշխատակազմը սպասում է գերմանացի զբոսաշրջիկների, և հատուկ նրանց համար երեխաները կասմունքեն Հայնեի, Գյոթեի և այլ ականավոր գերմանացի բանաստեղծների ստեղծագործություններ:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Դսեղի կենտրոնական հատվածը և Հ. Թումանյանի տուն-թանգարանի տարածքը զարդարեցին տասներկու քարե և տասը փայտե յուրահատուկ քանդակներ, որոնց կերպարները Թումանյանի ստեղծագործությունների հայտնի հերոսներն են` Անուշը, Սարոն, Գիքորը, Քաջ Նազարը և այլն:
Նույն տարում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և ամերիկաբնակ երաժիշտ Աշոտ Տիգրանյանի աջակցությամբ Դսեղում` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարակից տարածքում, հուշանվերների կրպակ և սանհանգույց կառուցվեց: