Կրեմլում Տուլեեւի նոր աշխատանքը պատվավոր աքսոր են կոչել
International newsՌուսաստանի նախագահի աշխատակազմը ելնում է նրանից, որ Կուզբասի նախկին նահանգապետ Աման Տուլեեւը ոչ մի մասնակցություն չի ունենա շրջանի կառավարմանը։ Այս մասին հայտարարել է բարձրաստիճան դաշնային պաշտոնյան, գրում է ՌԲԿ–ն։
«Սրանից է ելնում ե՛ւ Կրեմլը, ե՛ւ Տուլեեւը»,–նշել է գործակալության զրուցակիցը։
Աման Տուլեեւն ապրիլի 10-ին ընտրվել Էր Կեմերովոյի մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի խոսնակ: Նախկին խոսնակ Ալեքսեյ Սինիցինը հրաժարվել էր իր պաշտոնից՝ ի օգուտ Տուլեեւի։
«Խոսնակի պաշտոնը Տուլեեւի համար պատվավոր աքսոր է»,–նշել է նախագահի աշխատակազմին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյան։
Աման Տուլեեւը Կեմերովոյի մարզը գլխավորել է 1997 թվականից ի վեր։ 2018 թվականի ապրիլի 1-ին նա հրաժարական էր ներկայացրել։ Սա տեղի էր ունեցել Կեմերովոյի «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնի հրդեհից հետո, որի հետեւանքով 64 մարդ էր զոհվել։ Տուլեեւը նշել էր, որ «բարոյապես այդպիսի ծանր բեռով անհնար է նահանգապետի պաշտոնում աշխատել»։
Իսկ հրաժարականից 2 օր անց Աման Տուլեեւն ստացել է Կեմերովոյի մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի պատգամավորի մանդատ: