Հույներն ու թուրքերը մերժել են Կիպրոսի գծով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականի գաղափարները
International newsԿիպրոսի վերամիավորման գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Էսպեն Բարտ Էյդեն առաջարկել է ստեղծել երկհամայնք խումբ, որը աշխաջրածինների հանքավայրերից ստացվող եկամուտների բաժանումը մանրամասնորեն կքննարկի կիպրյան խնդրի լուծումից հետո: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը' վկայակոչելով կիպրահունական աղբյուրները, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիը մերժել է Անկարայի հետ բանակցությունները վերսկսելու գծով Էյդեի այդ առաջարկ-պայմանը:
Բանակցություններն ընդհատվել էին այն բանից հետո, երբ թուրքական գիտահետազոտական նավը թուրքական ռազմական նավերի ուղեկցությամբ Միջերկրական ծովում Կիպրոսին պատկանող ջրերում եւ բացառիկ տնտեսական գոտում օգտակար հանածոների սեյսմիկ հետախուզություն էր սկսել: Թուրքիան հայտարարում է, որ հետազոտություններն անցկացնում է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» հետ կնքած պայմանագրի համաձայն, որին Թուրքիայից բացի, աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչում: Անկարան էլ հայտարարում է, որ չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը:
Նշվում է, որ նախագահ Անաստասիադիսը ՄԱԿ-ի առաջարկը մերժելու մասին տեղեկացրել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին' Կիպրոս նրա կատարած այցին:
Newsit.com.cy լրատվական կայքը հայտնել է, որ Սամարասը նույնպես մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի առաջարկը:
«Կիպրաթուրքերի առաջնորդ Դերվիշ Էրօղլուն առաջարկել է ածխաջրածինների գծով ընդհանուր հանձնաժողով ստեղծել, սակայն, Էյդեի գաղափարները նա եւս բնութագրել է որպես անբավարար»,- գրել է կայքը:
Կիպրոսյան կայքը գրում է. «Բռնազավթված տարածքներից ստացված տեղեկությունների համաձայն' Էրօղլուն հայտարարել է, որ կղզու երկու համայնքներն էլ իրավունք ունեն գազի նկատմամբ: Նա հավելել է, որ կիպրաթուրքերը բանակցությունները շարունակելու համար այսուհետ այլ պայմաններ չեն ընդունելու: Էրօղլուն Էյդեի առաջարկությունները թուրքական համայնքի համար բավարար չի համարել: Նա ասել է, որ չի ակնկալում, որ կիպրահույները կվերադառնան բանակցությունների սեղան»:
«Հունաստանը երբեք չի ճանաչի բռնազավթման արդյունքները, մենք մեր ամբողջ ուժերով կշարունակենք մեր խաղաղ պայքարը Կիպրոսի միասնության վերականգման համար», -կիպրոսյան ղեկավարությանը հայտարարել է հույն վարչապետ Անտոնիս Սամարասը:
«Մինչ այժմ բաց են մնում վերքերը 1974 թվականին թուրքական ներխուժումից հետո, որը բերեց մահ, ավերումներ, մեր ազգային ժառանգության' ուղղափառության վերացում», -ասել է Սամարասը: Նա հիշեցրել է Կիպրոս թուրքական ներխուժումը դատապարտող միջազգային դատարանի հերթական որոշումների մասին:
Հունական կողմի կարծիքով' կիպրոսյան կարգավորման գծով բանակցությունները հնարավոր է վերականգնել միայն այն բանից հետո, երբ բանակցային գործընթացի խզման համար մեղավոր կողմը կդադարի խախտել միջազգային իրավունքը:
1974 թվականին, խախտելով միջազգային նորմերը, Թուրքիան բռնազավթել է Կիպրոսի Հանրապետության տարածքի մեկ երրորդ մասը: