Ադրբեջանի նախագահական ընտրություններն ընթանում են կոպտագույն խախտումներով
International newsԱդրբեջանի նախագահական ընտրությունները, որոնք մեկնարկել են ապրիլի 11-ի առավոտից, ընթանում են լուրջ խախտումներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ ընտրատեղամասերում գրանցվել են քվեաթերթիկների լցոնումներ:
Մասնավորապես, Բաքվի Յասմալի շրջանի ընտրատեղամասում կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է քաղաքացին քվեատուփ նետում միանգամից մի քանի քվեաթերթիկ:
Մեկ այլ ընտրատեղամասում տեղամասի անդամները թղթով փակում են տեսախցիկը և բաց անում միայն մի քանի վայրկյան անց: Տեսանյութում ակնհայտ երևում է, որ դրանից հետո քվեատուփում թերթիկների թիվն ավելացած է:
Ադրբեջանական «Թուրան» լրատվամիջոցն էլ հայտնել է, որ իր ֆոտոթղթակցի գործունեությունը խոչընդոտվել է: Ընտրատեղամասում ասել են, թե նա գրանցված չէ, մինչդեռ ավելի վաղ ԿԸՀ-ից հայտնել էին, որ լուսանկարիչների աշխատանքը սահմանափակող որևէ կանոն չկա:
Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում են ութ թեկնածուներ: Ընտրություններում հաղթողի միակ հավակնորդը վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում երկիրը կառավարող Իլհամ Ալիևն է, ով նախկինում արդեն 3 անգամ ընտրվել է այս պաշտոնում (2003, 2008 և 2013 թվականներին): Վերջին տարիների ընթացքում նա լռեցրել է երկրում գործող բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու լրատվամիջոցներին. շատ ընդդիմադիր գործիչներ ազատազրկվել են կամ արտաքսվել երկրից, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը պարզապես դադարեցվել է:
Այս ընտրություններն առաջինն են Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։
Այս ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 5 մլն 309 հազար 434 քաղաքացի, այդ թվում և արտերկրում բնակվող ադրբեջանցիները: