Բուֆոնը՝ մրցավարին. Եթե դու չունես այդքան տղամարդկություն, նստիր տրիբունայում
SportԹուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակը: Ավելացված ժամանակում 40-ամյա Բուֆոնը կարմիր քարտ էր ստացել հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերի հետ վիճելու համար, իսկ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից խփել էր մադրիդցիների համար հաղթական գոլն այդ դիմակայությունում:
«Դա նույնիսկ 10 տոկոսով 11 մետրանոց չէր: Ես չգիտեմ, որ մրցավարը տեսավ այդ դրվագը: 93-րդ րոպեին չի կարելի նշանակել կասկածելի 11 մետրանոց, քանի որ առաջին խաղակեսում մեր օգտին պետք է նշանակվեր ակնհայտ 11 մետրանոց:
Թիմը ներդրեց ամբողջ ուժը, եւ մեկ մարդը չի կարող կասկածելի դրվագով հենց այնպես վերցնել ու կոտրել անհավանական «քամբեքի» երազանքը: Դրա համար քո սրտի փոխարեն պետք է լինի աղբաման: Բացի այդ, եթե դու տղամարդկություն չունես դաշտ դուրս գալ այսպիսի խաղում, ապա կնոջդ ու երեխաներիդ հետ նստիր տրիբունայում: Չի կարելի կործանել թիմի երազանքը:
«Ռեալն» արժանի էր 2 խաղերի արդյունքում նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր: Ես հաջողություն եմ մաղթում նրանց: Ինձ համար միշտ պատիվ էր այդ թիմի դեմ խաղալը, սակայն մենք նվազագույնն արժանի էինք լրացուցիչ ժամանակում խաղալուն»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Արքայական ակումբն ուժեղ էր գտնվել 3:0 հաշվով, իսկ Մադրիդում կայացած պատասխան խաղում «Յուվենտուսը» հաղթեց 3:1 հաշվով եւ լքեց պայքարը: Ռոնալդուն Իտալիայի չեմպիոնի դարպասը գրավեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին: