Կիմ Չեն Ընը «բոլորովին ուրիշ է», քան իրեն ԶԼՄ-ն նկարագրում է. Հարավային Կորեայի մշակույթի նախարար
International newsՀարավային Կորեայի մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության նախարար Տո Չոն Հվանը հայտարարել է, որ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը «բոլորովին ուրիշ է», քան իրեն ԶԼՄ-ն նկարագրում է, ինչպես նաեւ նշել է, որ նա անկեղծորեն ցանկանում է բարելավել հարաբերություններն իր հարավային հարեւանի հետ: ԿԺԴՀ առաջնորդի հետ հանդիպման մասին իր տպավորություններով, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախարարը պատմել է CNN-ին:
Նա հաղորդել է, որ ապրիլի 1-ին Փհենյանում հարավկորեացի արտիստների ելույթների ժամանակ նստած է եղել Կիմ Չեն Ընի եւ նրա կնոջ՝ Լի Սոլ Չժուի կողքին: Մշակույթի նախարարը պատմել է, որ ԿԺԴՀ ղեկավարն իրեն «բոլորովին ուրիշ է» թվացել, քան իրեն ներկայացնում են նորություններում: Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը անկեղծորեն ցանկանում բարելավել երկու երկների հարաբերությունները:
«Նա շատ բնական էր իրեն պահում, երբ տարբեր թեմաներով խոսում էր՝ երաժշտությունից մինչեւ սպորտ», - ասել է նախարարը:
Հարավային Կորեայի արտիստները երկու համերգ են տվել ԿԺԴՀ-ում, որոնք տեղի են ունեցել ապրիլի 1-ին եւ 3-ին: Առաջին միջոցառմանը ներկա էր Կիմ Չեն Ընը՝ կնոջ եւ հարազատ քրոջ՝ Կիմ Յո Չժոնի հետ:
2005 թվականից հետո սա Հարավային Կորեայի արտիստների առաջին ուղեւորությունն է ԿԺԴՀ: