Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ներդրվում է վիճակագրական նոր համակարգ
EconomicsՀայաստանում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործման նպատակով կիրականացվեն նոր միջոցառումներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունն ապրիլի 12-ի նիստում հավանություն է տվել միջոցառումների ծրագրին:
Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն ասաց, որ միջոցառումները մշակվել են իր գլխավորած գերատեսչության, Ազգային անվտանգության ծառայության և Ազգային վիճակագրական ծառայության կողմից: «Առաջարկում ենք զբոսաշրջության ոլորտում վիճակագրության նոր համակարգ, ինչը մեծ հնարավորություն կտա ավելի հասցեական՝ տարիքային և այլ չափանիշների հիման վրա հաշվառել ՀՀ այցելած զբոսաշրջիկներին»,- ասաց Կարայանը:
Նրա խոսքով՝ մշակվել է կատարելագործված մեթոդաբանություն՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ համակարգ) կարողությունների օգտագործմամբ:
Ըստ հիմնավորման՝ ՍԷԿՏ համակարգի միջոցով հնարավորություն կընձեռվի Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ճշգրիտ վիճակագրության վարում, որը էապես կնպաստի Հայաստանի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցության գնահատմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` ի նպաստ Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, ազգային եկամտի ավելացման, և բնակչության կենսամակարդակի բարձրացման: